Monday, January 30, 2012

ՎԵՐՋԻՆ ԿԱԽԱՂԱՆԸ

Հոգեհանգիստ Փարիզում՝ նահատակ Լեւոն Էքմեքճյանի հիշատակին

«Վերջին խօսքս ձեզի համար թող ըլլայ հաւատքի աղբիւր ...».
Լեւոն Էքմեքճյան

«Հայաստան» լրատու ցանց, Փարիզ, 29.01.2012:
Այսօր առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզի, Ալֆորվիլ շրջանի հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում, ԱՍԱԼԱ-յի ֆիդայիներից՝ նահատակ Լեւոն Էքմեքճյանի հիշատակին կայացավ հոգեհանգստյան արարողություն, Տ. Տիրան քհն. Գլըճյանի նախագահությամբ:
Արարողությանն մասնակցում էին նահատակի հարազատները, մարտական ընկերներն ու հոծ թվով բազմություն:

Հիշեցնենք 1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) Խրիմյան Հայրիկ անձնասպանական ճոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ, Զոհրաբ Սարգսյանի եւ Լեւոն Էքմեքճյանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, Անկարայի «Էսենպողա» օդակայարանի վրա: Այդ գործողությունը ԱՍԱԼԱ-ն անվանել է «Կարին – Էրզրում»: Գործողության ընթացքում նահատակվել է խմբի ղեկավար Զոհրաբ Սարգսյանը, իսկ Լեւոն Էքմեքճյանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել եւ վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել:
1983 թվի հունվարի 29-ին կախաղան բարձրացվեց Լեւոն Էքմեքճյանը եւ ԱՍԱԼԱ-ի բնորոշմամբ «անմահացավ՝ միանալով իր նահատակ ընկերների փաղանգին»:
Հրապարակված հայտարարությունների համաձայն, «Կարին – Էրզրում» գործողությունը իրականացնող խմբի դեմ օգտագործվել է թուրքական բանակային հատուկ ջոկատներ: Փոխ հրաձգությունների ընթացքում սպանվել են 13 թուրք զինվորներ, օդանավակայանի ապահովական ուժերից 8-ը, ներառյալ օդանավակայանի ապահովության փոխտնօրենը, նաեւ զոհվել են 12 ուղեւորներ եւ վիրավորվել 113 ուրիշներ՝ թուրքական բանակի վայրագ հակագրոհի արդյունքում: Գործողության ընթացքում մարտական խմբի եւ անվտանգության պատասխանատուների միջեւ տեղի է ունեցել բանակցություններ, օդանավակայանը փակ է մնացել՝ 15 ժամ:
Լեւոն Էքմեքճյանը Թուրքիայի պատմության մեջ մահապատժի ենթարկված վերջի անձն էր: 1983 թվի հունվարի 29-ից հետո, Թուրքիայում ոչ մի մահապատժի վճիռ չի գորժադրվել:
Էքմեքճյանի գերեզմանը մնում է անհայտ: Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը:
Հերոս Լեւոն Էքմեքճյանի մահավճռին սփյուրքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց բողոքի ցույցերով:
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հանդգնություն ունեցավ «Գիշերային ռեքվիեմ» կերտվածքը նվիրել անմահ հերոս Էքմեքճյանի հիշատակին, որը ավելի ուշ տպագրվել է «Գարուն» ամսագրի 1987թ. 11-րդ համարում:

Գիշերային ռեքուիէմ

...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,
Ուրկից յայտնուեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...

Սիլվա Կապուտիկյան

No comments: